Հայաստանում 2016թ. առաջին եռամսյակում նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատ 10.2 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Ներմուծման իրական ծավալները նվազել են 12.3 տոկոսով»,- նշեց Ջանջուղազյանը:
Նա հավելեց, որ 2016թ. առաջին եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է ընդլայնող ազդեցություն՝ կազմելով 1.4 տոկոս: «Պետական բյուջեի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 250.5 միլիարդ դրամ: Սա ամբողջությամբ ապահովել է կառավարության կողմից սահմանած համամասնություններով նախանշված ցուցանիշի կատարումը: Այն գերազանցվել է 1.6 տոկոսով: Ընդ որում՝ նշված գումարից մոտավորապես 246 միլիարդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, իսկ մնացածը՝ պաշտոնական դրամաշնորհները»,- ընդգծեց ՀՀ գլխավոր գանձապետը՝ հավելելով, որ 2016թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 831 միլիոն դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 92.3 տոկոսն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին՝ արձանագրելով 231.1 միլիարդ դրամի մուտք պետական բյուջե: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը փոքր ինչ զիջում է: Հարկային եկամուտների հիմնական մասն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Ավելացված արժեքի հարկի մասով պետական բյուջե է մուտքագրվել 86.6 միլիարդ դրամ, ինչը 10.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանը: