2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալների աճի կայուն տեմպեր։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։