Անթիլիասի մայրավանքում խորհրդակցական հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աբունա Մատթեաս պատրիարքի միջև: Հանդիպմանը ներկա էին Կիպրոսի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, կաթողիկոսարանի դիվանապետ Խաչիկ Տետեյանը և կալվածքների հանձնախմբի անդամ Վահե Գալինջյանը: Եթովպիայի եկեղեցու կողմից պատրիարքի կողքին ներկա էին պատրիարքի օգնական երկու եպիսկոպոսներ, Միջին Արևելքի եթովպական համայնքների առաջնորդը և Լիբանանում Եթովպիայի դեսպանը:

 

 

Շուրջ մեկ ժամ տևող խորհրդակցություններն ընդգրկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Եթովպիայի ուղղափառ քույր եկեղեցու հարաբերություններին առնչվող ծրագրեր: Շեշտվել է եկեղեցիների գործակցությունն ավելի ամրապնդելու հրամայականը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Լիբանանում հաստատված եթովպական համայնքի հետ օրինական, վարչական, տնտեսական ու հովվական մի շարք հարցեր:

 

 

Նկատի ունենալով որ Լիբանանում հաստատված եթովպական համայնքը մինչև այժմ իրավական ճանաչում չունի, որպես քույր եկեղեցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հովանավորում է համայնքը՝ իրավական ու հովվական տեսանկյունից։