ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու, այդ ոլորտում համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ճարտարագիտական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադարձել է միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։ Նա նշել է, որ եթե կանադական ընկերություններին հետաքրքրի, առաջիկայում կարող են քննարկումներ կազմակերպել և առավել հանգամանալի ներկայացնել ծրագրերի մանրամասները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։