ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր' մայիսի 23-ին, ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: Նշվել է, որ երկուստեք աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Կարևորվել է նաեւ միգրացիայի ոլորտում տեղեկությունների և տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման և ընդունման հարցը: