Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին օգոստոսի 22-ի առավոտյան այցելել է Անտիոքի Ասորի կաթոլիկ հոգևոր պետ Իգնատիոս Յուսեֆ Գ Հունան պատրիարքը: Հանդիպման ընթացքում արծարծվել են Միջին Արևելքի իրավիճակի, քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունների վերաբերյալ և Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի հետ առնչվող մտահոգություններ ու ծրագրեր:
Հունան պատրիարքը լայն տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին Սիրիայում օրեր առաջ իսլամիստ ծայրահեղակակնների կողմից իրենց եկեղեցուն պատկանող վանքի վրա հարձակման և ավերման մասին: Վեհափառ Հայարպետը դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացված բոլոր վայրագությունները ու շեշտել է քրիստոնյա-իսլամ համակեցությունն ամրապնդելու հրամայականը: Նորին Սրբությունն ընդգծել է իսլամ կրոնական և քաղաքական պատասխանատուների դերակատարության կարևորությունը:
Հանդիպման ավարատին Հունան պատրիարքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր հարգանքն ու զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Ապա նա շրջել է Սուրբ Աստվածածին վանքում և մոտիկից ծանոթացել այնտեղ կատարված շինանարարական աշխատանքներին: