Հայկական զինված ուժերի մարտունակությունը շատ բարձր աստիճանի վրա է, եւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները կկարողանան չեզոքացնել վտանգն ու սահմանին վերահաստատել խաղաղություն: Տեսակետը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանինն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ հարեւան պետությունը կրկին ցույց տվեց իր իրական դեմքն, ու հերթական անգամ միջազգային հանրությունը տեսավ, թե իրականում ով է սահմանին լարվածություն առաջացնում:

 

«Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին փորձ է կատարում լարվածություն առաջացնել սահմանին' այս կերպ ներկայացնելով իր իրական տեսակը: Վստահ եմ, որ հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարությունները կկարողանան չեզոքացնել վտանգը: Հույս ունեմ լարվածությունը չի հասնի գագաթնակետին, ինչպես դա եղավ նախորդ տարի օգոստոսին եւ խորհրդարանն էլ քաղաքական քննարկումներ չի սկսի: Ես տեսնում եմ, որ մեր զինված ուժերն ի զորու են կասեցնելու վտանգը եւ միաժամանակ վստահ եմ, որ եթե կրկին լարվածությունը սրվի ապա հասարակությունն ու քաղաքական ուժերը կկանգնեն բանակի եւ մեր տղաների կողքին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: