Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է բարձրացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող լարվածության հարցն ու դիրքորոշում հայտնեն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտի կոչը թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային հանրությանը մեկն է. ադրբեջանական կողմին պետք է հասկացնել, որ նրա գործողություններն անպատժելի չեն:
«Միջազգային հանրությունը պետք է կոշտ դիրքորոշում ընդունի Ադրբեջանի սադրանքների նկատմամբ: Արցախը պատասխանել և պատասխանում է ցանկացած նման սադրանքի, և մենք թշամու ագրեսիան կանխելու ենք, բայց միջազգային հանրությունն էլ պետք է իր դիրքորոշումը ցույց տա: Եթե ցույց չի տալիս, ագրեսորին անպատժելիությունն ու աչքակապությունն ավելի է խթանում»,- ասաց Բաբայանը: Անդրադառնալով վերջին օրերին սահմանին լարվածության կտրուկ աճին' Բաբայանն ասաց, որ Արցախում դա չեն համարում տարօրինակ զարգացում, քանի որ, լավ են ճանաչում հարևան պետությանը:
«Ադրբեջանը միշտ եղել է ապակառուցողական և ի սկզբանե կառուցում է ֆաշիստական, նացիստական պետություն, որն իր էությամբ ագրեսիվ է' ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Եվ մեզ համար չպետք է տարօրինակ կամ զարմանալի լինի Ադրբեջանի այսօրվա պահվածքը: Այո, Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ նրանք համամետաբար ավելի քիչ էին խախտում հրադադարի ռեժիմը, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել և այդ երկիրը շարունակում է նույն ուղին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ խիստ լարվածություն է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Այդ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:
Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: