Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ' մտքեր փոխանակելով երկիրը վարակած ահաբեկչական ալիքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գո րծակալությունը, այս անգամ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ բին Հուսեյնի և Իտալիայի վարչապետ Մատտեո Ռոնզիի հետ:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցում Էրդողանը բին Հուսեյնի հետ զրույցում նշել է, որ Սիրիայում տիրող քաոսային իրավիճակը բացասաբար է ազդել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հորդանանի վրա: Թուրքիայի նախագահը խոսել է Սիրիայում «անցումային կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին:
Ավելի ուշ Էրդողանին է զանգահարել Իտալիայի վարչապետը, որի հետ զրույցում ևս անդրադարձ է կատարվել Թուրքիայի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողություններին:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ երկրների ղեկավարների հետ: