Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Տրիպոլիի դատարանի՝ Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի նկատմամբ մահվան դատավիճռ կայացնելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ անհրաժեշտ է Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի գործը վերանայել բացառապես Միջազագային քրեական դատարանի կողմից:

 

Amnesty International կազմակերպության' Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ֆիլիպ Լյուտերը նշել է, որ լիբիական իշխանությունները հրաժարվել են Սեյֆ ալ Իսլամի գործը հանձնել Միջազգային քրեական դատարանին, որպեսզի ապացուցեն, որ իրենք կարող են իրականացնել արդարադատությունը ազգային մակարդակով:

 

Քադաֆիի 41-ամյա որդին ձերբակալվել է Լիբիայի հարավում 2011թ.-ի նոյեմբերին: Նա մեղադրվում է փետրվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ:

 

Լիբիայի դատարանը հուլիսի 28-ին դատավճիռ է կայացրել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի և նախկին իշխանության ութ այլ անձանց վերաբերյալ: Մեղադրյալների համար դատարանը գնդակահարության դատավճիռ է կայացրել: Նրանց թվում է նախկին հետախուզության ղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսին և նախկին վարչապետ ալ Բաղդադի ալ Մահմուդին:

 

Լիբիան 2011թ.-ին Քադաֆիի իշխանութան տապալումից հետո բաժանվել է երկու մասի՝ իսլամամետ իշխանության և համաշխարհային հասարակության տեսանկյունից օրինական կառավարության:

 

Մուամմար Քադաֆին սպանվել է 2011թ.-ի հոկտեմբերի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում: