Ավելի քան 150 հազար մարդ ստորագրել է պատժամիջոցների հետ կապված մթերքների ոչնչացման դեմ պահանջագիրը. դա ակնհայտ է դառնում Change.org կայքում պահանջագրի էջի դիտումից:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են չեղարկել հրամանագիրը, իսկ պատժամիջոցների հետ կապված մթերքները փոխանցել քաղաքացիների անապահով խավերի՝ ուղղակի օգտագործման համար:
«Ինչո՞ւ ոչնչացնենք եվրոպական թարմ մթերքը, որով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամներին, բազմանդամ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին և այլ կարիքավորների»,- դժգոհում են հեղինակները:
Պահանջագիրն ուղղված է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Պետական Դումային:
«Մենք Ռուսաստանի նախագահին խնդրում ենք չեղարկել սեփական հրամանագիրը և դիմում ենք Պետական Դումային՝ պահանջելով ուսումնասիրել և արագացված կարգով օրենք ընդունել ոչնչացման ենթակա եվրոպական լայն սպառման ապրանքներն և մթերքը բնակչության կարիքավոր խավերին անհատույց փոխանցելու մասին»,- ասվում է վերջնագրում:
Վերջնագրի հեղինակները նաև նշում են, որ ապրանքների ոչնչացումը կհանգեցնի պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի, մինչդեռ վերոհիշյալ արտադրանքի բաշխմամբ կարող էին զբաղվել բարեգործական կազմակերպությունները: