Սարգիս Մեսրոպյանը հայկական բանակի զինվոր է։ Նա պաշտպանում է այն սահմանը, որտեղ 17 տարի առաջ զոհվեց հայրը՝ Կարեն Մեսրոպյանը։ Սարգիսը շուտով կզորացրվի, նա տուն կվերադառնա հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարածի վաստակած հանգստությամբ։ «Ամեն օր, ամեն ժամ սահմանին կանգնած հիշել եմ, որ հայրս այս բարձունքի ազատագրության համար է զոհվել։ Ամեն օր, ամեն ժամ ես ապրել եմ հպարտության, ցավի, վրեժի ու խիզախության անմոռաց պահեր։ Արցախի հողը սրբություն է ինձ համար, որովհետեւ այդ հողին հորս արյունն է խառնվել։ Զորացրվելուց հետո էլ ես միշտ կլինեմ Արցախի զինվորը, որովհետեւ այդպես է հրամայում հորս հիշատակը, այդպիսին է հորս կամքը»,- ասում է Սարգիս Մեսրոպյանը։ Մայիսի 4-ը Սարգիսի ծննդյան օրն է։ Հորն ուղղված այս նամակը Սարգիսը գրել է 1998-ին՝ իր տասնամյա տարեդարձի օրը։ Այժմ լրանում է Սարգիսի 23 տարին։ 13 տարվա վաղեմություն ունեցող նամակը սիրո, հպարտության, ցավի… Փառքի ու մեծարանքի ձոն է բոլոր նրանց, ովքեր ճաշակեցին որբության ցավը եւ իրենց անհայր մանկությամբ վճարեցին ազատագրված Արցախի ու այսօրվա խաղաղության համար։
Բարեւ, հայրի՛կ։ Վաղուց չեմ գրել քեզ։ Իմ վերջին նամակը մեր դպրոցի փառքի սրահում է, ցուցափեղկին։ Մի քեռի ասաց, որ իմ նամակը եղել է զինվորական վերնաշապիկիդ գրպանում, կրծքիդ վրա։ Փամփուշտը կլոր անցք էր բացել նամակի վրա, ու ձեռագիրս տեղ-տեղ անընթեռնելի էր դարձել։ Հայրիկ, դու հասցրի՞ր կարդալ նամակս, թե՞ մարտից առաջ դրեցիր գրպանդ, որ հետո կարդաս։ Քո ազատագրած բարձունքի վրա։ Այդ օրը ես առաջին անգամ դպրոց էի գնացել, այնքան ուրախ էի։ Ախր, դու չտեսար իմ առաջին դպրոցական պայուսակը, արծաթագույն գրիչս, գունավոր մատիտներս… ոչինչ չտեսար։
Սեպտեմբերի 1-ին ես շատ շուտ արթնացա։ Վախենում էի ուշանալ դպրոցից ու չէի կարողանում քնել։ Հայրիկ, ախր դու խոստացել էիր, որ կգաս ու ինձ դպրոց կտանես։ Դու միշտ կատարում էիր քո խոստումները, ու ես մինչեւ վերջին պահը սպասում էի, որ դու կգաս ու ինձ դպրոց կտանես։ Բայց դու չեկար, հայրիկ։ Ես այնքան էի ուզում, որ դու ինձ դպրոց տանես։ Մեր դասարանը շատ գեղեցիկ էր, փուչիկներով ու նկարներով զարդարված։ Երբ ծաղիկները մեկնեցի ուսուցչուհուս, նա ժպտաց ու շոյեց գլուխս։ Իսկ երբ հարցրեց անունս, ես պատասխանեցի այնպես, ինչպես դու էիր սովորեցրել՝ Մեսրոպյան Սարգիս Կարենի։ Ուսուցչուհիս ինձ նստեցրեց առաջին նստարանին՝ հենց իր դիմաց։ Դու իմ ուսուցչուհուն չես տեսել, հայրիկ, հաստատ կսիրեիր նրան։ Նրա աչքերը կապույտ են, ոսկեգույն շրջանակով ակնոց է կրում, իսկ ձայնը շատ նուրբ է։ Երբ առաջին անգամ հինգ ստացա, քեզ նորից նամակ գրեցի, բայց չհասցրի ուղարկել։
Ես գիտեի, որ բոլորը քեզ են սպասում, ու երբ մեքենան կանգնեց փողոցի ծայրին, ես վազեցի, որ առաջինը տեսնեմ քեզ։ Դու վերեւում էիր, մարդկանց ձեռքերի վրա։ Ես երբեք այդքան մարդ չէի տեսել մեր փողոցում։ Հետո ես քեզ շատ մոտից տեսա։ Թվում էր՝ քնած ես։ Թվում էր՝ հրեմ, կարթնանաս։ Բոլորը լալիս էին։ Բացի ինձնից։ Ես չգիտեի, որ էլ չես գալու, որ էլ չեմ տեսնելու քեզ, թե չէ լավ կնայեի դեմքիդ, որ հիշեմ ամեն ինչ՝ բերանդ, քիթդ, մազերդ։ Որ երբեք չմոռանամ։ Հետո բոլորս գնացինք գյուղ՝ պապիկենց տուն։ Գերեզմանոցում զինվորական համազգեստով մի քեռի բարձր-բարձր խոսում էր, քո անունն էր տալիս։ Շատ բան չհասկացա նրա ասածից, բայց լավ հիշում եմ, որ նա քեզ հերոս կոչեց, ասաց, որ փրկել ես ընկերներիդ կյանքը, այդ պատճառով ես զոհվել։ Հետո մարդիկ խռնվեցին քո շուրջը, զինվորները օդ կրակեցին։ Ու էլ չկարողացա տեսնել քեզ։ Ես քեզ էի փնտրում, հայրիկ, բայց դու չկայիր։ Իսկ մարդիկ ծաղիկներ էին դնում փոքրիկ բլուրի վրա։
Երբ մեկ շաբաթ անց դպրոց գնացի, ուսուցչուհիս ասաց, որ ես հերոսի որդի եմ։ Մոտեցավ, համբուրեց ճակատս, ասաց, որ դու մեզ համար ես զոհվել, բոլորիս համար։ Դու զոհվել ես, որ պատերազմ չլինի։ Բոլոր ընկերներս ինձ այնպես էին նայում, ասես հերոսը ես լինեի։ Ես այնքան հպարտ էի, հայրիկ։
Օրերն անցնում են, բայց դու չես գալիս։ Մայրիկն ասում է, որ դու էլ չես գալու, բայց ես չեմ հավատում, հայրիկ։ Ախր, ինչպես կարող ես այլեւս չգալ։ Քո գնալուց հետո ես մայրիկի հետ եմ քնում՝ ձեր անկողնում, լուսամուտի տակ։ Երբ արթնանում եմ ու էլ չեմ կարողանում քնել, շրջվում եմ դեպի լուսամուտն ու նայում դուրս։ Ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է բացվում առավոտը։ Մուգ կապույտ պատուհանը կամաց-կամաց սկսում է սպիտակել, ինչպես երկինքը։ Հետո դիմացի շենքում լույսեր են վառվում, ծիտիկներն սկսում են ծլվլալ ու կտուցով թակում են պատուհանը։ Հայրիկ, հիշո՞ւմ ես, որ ինձ համար ծիտ էիր նկարել, ու ես կտուցը կապույտ ներկեցի։ Մենք այդ ծիտիկի անունը Կապույտ կտուց դրեցինք։
Հայրիկ, հիմա մայրիկն է գնում հացի։ Ես այնքան էի սիրում, երբ ես ու դու միասին գնում էինք հացի, հետո կաթնեղենի բաժնից թթվասեր ու մածուն էինք առնում։ Ու երբ ես բարեւում էի վաճառող կնոջը, նա պատասխանում էր՝ բարեւ, չեմպիոն։ Նա ինձ չեմպիոն էր ասում, մի անգամ (նոր էինք վերադարձել գյուղի գերեզմանոցից) ես ու մայրիկը մտանք խանութ։ Մինչ մայրիկը հաց էր գնում, ես մոտեցա, որ բարեւեմ կաթնեղենի վաճառողուհուն։ Իսկ նա ասաց՝ ա՜, չեմպիոն, դո՞ւ ես, ինչո՞ւ ես մենակ, իսկ հայրիկդ ո՞ւր է։ Ես ասացի՝ մենակ չեմ, մայրիկիս հետ եմ։ Ու հանկարծ լացս եկավ, հայրիկ, անկախ ինձնից։ Որքան ուզում էի շրթունքներս սեղմել իրար, չէր ստացվում։ Աչքերիցս էլ արցունք էր գալիս։ Այնքան ամոթ էր, հայրիկ։
Հայրիկ, հիշում ես, որ մենք մայրիկից թաքուն նախաճաշից առաջ շոկոլադ էինք խփշտում խանութից դառնալիս։ Դու այդպես էլ ասում էիր՝ արի շոկոլադ խփշտենք։ Մայրիկն ինձ հաճախ է տանում մեր այգին։ Հիմա ես մենակ եմ կարուսել նստում (մայրիկը կարուսել չի սիրում)։ Ես նստում եմ երկտեղանոց նստարանին, փակում եմ աչքերս ու պատկերացնում, որ դու նստած ես կողքի աթոռին։ Հայրիկ այնքան լավ էր, երբ դու կողքիս էիր։ Քեզ շատ եմ կարոտել, հայրիկ։
Թաթուլի հայրիկը Թաթուլին լողի է տանում։ Նրանք նոր մեքենա ունեն, իսկ մայրիկը Զատիկին վաճառեց, ավտոտնակն էլ։ Երբ մեքենան գնող քեռուն ասացի, որ մեքենայի անունը Զատիկ է, ժպտաց, գրպանից ծամոն հանեց, տվեց ինձ ու ասաց՝ լավ տղա ես։ Լաց չեմ եղել, հայրիկ։ Աչքերս մի քիչ մրմռացին, բայց լաց չեղա, երբ Զատիկին տարան։ Երբ ավտոտնակը դատարկում էինք, քո կրակվառիչը գտա, հիշո՞ւմ ես՝ նարդի խաղալիս կորցրիր։ Պահարանի տակ էր ընկել։ Այդ կրակվառիչն էլ է դպրոցի փառքի թանգարանում։
Հայրիկ, գիտես, ես փոխել եմ միտքս։ Էլ չեմ ուզում բժիշկ դառնալ։ Ես զինվոր եմ դառնալու քեզ նման։ Երբ մեծանամ, կհագնեմ քո զինվորական համազգեստը, որ կախված է զգեստապահարանում։ Ես ավտոմատ կունենամ, կրակել կսովորեմ։ Ես շատ լավ կկրակեմ։ Երբ թուրքերը մոտենան մեր սահմանին, երբ հարձակվեն տների, մարդկանց, երեխաների վրա, ես չեմ փախչի, հայրիկ, ես կկրակեմ ու չեմ թողնի, որ թուրքերը սպանեն հայրիկներին։ Նրանք ոչ մի հայրիկի չեն սպանի։ Ես կկռվեմ, հայրիկ, ու չեմ զոհվի։ Ես չեմ զոհվի, հայրիկ, խոստանում եմ։ Հայրիկ, եթե իմանամ, որ դու իրոք ինձ տեսնում ես երկնքից, ես ավելի լավը կլինեմ, ոչ մի չարություն չեմ անի։ Եթե իմանամ, որ դու տեսնում ես…
Այսօր իմ ծննդյան օրն է, հայրիկ, ես տասը տարեկան դարձա։ Հյուրերն արդեն գնացել են, նորից մնացել ենք ես ու մայրիկը։ Տորթի մոմերը փչելիս երազանք եմ պահել։ Մենակ քեզ կասեմ, թե ինչ երազանք եմ պահել։ Աստծուն խնդրել եմ, որ երբ հյուրերը ցրվեն, հանկարծ դռան փականը բացելու ձայնը լսվի (այդպես միայն դու ես ներս մտնում՝ քո բանալիով)։ Հետո դուռը բացվի, դու մտնես ներս, գրկես ինձ ու ասես՝ շնորհավոր ծնունդդ, տղաս։ Քո գնալուց հետո ամեն տարի ես նույն երազանքն եմ պահում ծննդյան մոմերը փչելիս։ Մայրիկն ասում է՝ եթե ես միշտ հիշեմ քեզ, դու չես հեռանա, միշտ ինձ հետ կլինես, իմ սրտում։ Ես քեզ երբեք չեմ մոռանա, հայրիկ։ Ամեն օր կհիշեմ։ Միշտ կհիշեմ։ Ես կմեծանամ, կդառնամ մեծ տղա, կդառնամ քեզ պես։ Ես չեմ սիրում, երբ ընտանիքում երկու հոգով են՝ մայրիկն ու տղան։ Երկուսով տխուր է։ Ես կամուսնանամ ու շատ երեխաներ կունենամ։ Մենք բոլորս կապրենք միասին։ Ես քո մասին կպատմեմ իմ երեխաներին, ու դու կլինես նաեւ նրանց սրտում։ Ու երբեք մեզնից չես հեռանա։
Լավ, հայրիկ, ես պիտի գնամ քնելու։ Հիմա քնելուց առաջ ոչ ոք գիրք չի կարդում ինձ համար (մայրիկն այնքան գործեր ունի)։ Ես կպառկեմ, դեմքով կշրջվեմ դեպի պատուհանն ու կնայեմ աստղերին։ Ու երբ երկնքից աստղ ընկնի, ես երազանք կպահեմ։ Ես չեմ հոգնի, միշտ կպահեմ նույն երազանքը։ Բարի գիշեր, հայրիկ։
Գայանե Պողոսյան՝ hayzinvor.am