«Կներեք ինձ այս խոսքիս համար, բայց ներքին քաղաքական կյանքը երբեմն ինձ հիշեցնում է մկների գզվռտոցը: Ինձ համար շատ ցավալի է: Ինչպես ասեմ, այնպես թափով, լայնահայացք, մեծ գաղափարներով, մեծ կուլտուրայով, գիտելիքներով, իմացությամբ, այս բոլորը չկա, ցավոք սրտի: Մի քանիսն են քաղաքական գործիչներից, որ ինձ համար ընդուելի են, իսկ ընդհանրապես նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը՝ վիճակը ծիծաղելի է, քստմնելի իրարուտոց է: Հասարակ գյուղացի եմ, ես պետք է տեսնեմ, որ դու ինձնից բարձր ես գիտելիքով, ամեն ինչով»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Նա նշել է, որ մենք մոռանում ենք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, այդ մասին պետք է գիտակցի ժողովուրդն ու հասկանա, որ Գերագույն հրամանատարին փոխելը սխալ է: «Մենք ունենք բանակ որի ստեղծման ակունքներում կանգնած է եղել Սերժ Սարգսյանը: Ես հետևում եմ, թե ինչքան հաճախ է նա լինում բանակում, դիրքերում, ինչքան է զբաղվում բանակի գործերով: Ես խորապես համոզված եմ, որ ոչ միայն այսօր, վաղն էլ պետք է ընտրենք առաջնորդ, որ անցել է ռազմական կյանք, մանավանդ Սերժի պես պատրազմի բովով անցած մարդ լինի»,- ասել է Սոս Սարգսյանն ու հավելել, որ ինքն այս ամենին նայում է Հայաստանի անվտանգության տեսանկյունից:
«Ես Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությամբ հիացած եմ և շատ բարձր եմ գնատահատում: Սերժ Սարգսյանը հաշվի է նստում այն ամենի հետ, ինչ-որ կա աշխարհում: Ես հարգում եմ բոլորին էլ՝ Րաֆֆիին, Բագրատյանին, մյուսներին լավ չեմ ճանաչում, բայց խոսում եմ Սերժ Սարգսյանի մասին: Էսօր չեմ տեսնում քաղաքականապես հասուն, իմաստուն գործիչ, քան նա է: Հայաստանում շատ խնդիրներ կան, և մարդիկ գանգատվում են և ճիշտ, բայց մեզ համար խնդիրներ են ստեղծում մեր հարևանները, և պետք է նկատի ունենանք, թե ինչ վտանգներ են մեզ սպառնում»,- ասել է Սոս Սարգսյանը:
Նա ափսոսանք է հայտնել Դաշնակցության պասիվության համար՝ ասելով. «Ափսոս է, հսկա ուժ է: Չես հասկանում՝ ինչու են էսքան պասիվ ու անտարբեր»:
Բողոքելով արտագաղթի դեմ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստն ասել է, որ 5 հազար տարեկան մեր թարմ արյունը շպրտում ենք դուրս, ուրիշ երկիր, մարդ է պետք, որ ցավի այդ ամենի համար, և այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Այդ տեսակ նախագահ ամեն երկիր չէ, որ ունի:
«Սերժը պարտական է ժողովրդին, ես կոչ եմ անում գնալ ու քվեարկել և հետո պահանջել՝ իրավունքով: Նրա մեջքը պետք է ժողովուրդը լինի»,- ասել է Սոս Սարգսյանը: Նա նշել է, որ չկա մեկը, ով պետք է մասնակցեր ընտրություններին, բայց չի մասնակցում:
Սոս Սարգսյանն ընտրությունները գնահատել է մրցակցային, քանի որ կան թեկնածուներ, որոնք, ըստ նրա, հսկայական ձայներ կհավաքեն, իսկ ընտրությունները բոյկոտելու և դրանով Հայաստանը խայտառակելու կոչ անողներին համարում է իր անձնական թշնամիները: