Հայաստանը դեռեւս չի պատրաստվում անցնել պայմանագրային զինծառայության: Այս մասին, այսօր' փետրվարի 8-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը' Երեւանի Զեյթուն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ պրոֆեսիոնալ բանակն ավելի մարտունակ է եւ եթե մեր բնակչության թիվը կազմեր 50-60 մլն, ապա մենք այդպես էլ կվարվեինք: «Բայց հարցն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է անտեղյակներին եւ շատերը եզրակացություն են անում, առանց բանակի կառուցվածքի մասին տեղյակ լինելու: Պետք է ունենալ ռեզերվներ, որպեսզի արտակարգ դեպքերի ժամանակ մասնագետների աղբյուր լինի»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Որպես օրինակ, նա հիշել է ղարաբաղյան պատերազմի տարիները: «Մենք կարողացանք արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել, որովհետեւ մենք Խորհրդային բանակում ծառայություն անցած հրաշալի երիտասարդություն ունեինք: Դրա արդյունքը եղավ այն, որ պատերազմի սկզբից կես տարի անց մենք նույնքան տանկ ունեինք, ինչ' Ադրբեջանը, թեեւ սկզբնապես այդ հարաբերակցությունը կազմում էր 10/300»,- նշել է նախագահի թեկնածուն:
Սարգսյանի խոսքով' ներկայումս պայմանագրային զինծառայողները կազմում են բանակի 50 տոկոսը: «Մեր բանակն իր թվաքանակով չի համապատասխանում 3 մլն բնակչություն ունեցող պետությանը: Այն համապատասխանում է մի քանի եվրոպական երկրների բանակները միասին վերցրած, բայց մենք ստիպված ենք այդպես անել»,-ամփոփել է Սերժ Սարգսյանը: