Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի նկատմամբ «Ինտերպոլ»-ի գծով միջազգային որոնում է հայտարարվել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

 

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը եւ քրեական գործ հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «առնաձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում», «ծանր հետեւանքների բերած շահադիտական նպատակներով պաշտոնի օգտագործում» հոդվածներով:

 

 

Ադրբեջանի Հաշվիչ պալատի կողմից Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունների գործունեության ստուգումների արդյունքներով' ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունում «լուրջ խախտումներ եւ թերացումներ են հայտնաբերվել»: Դատախազությունն ուղղակիորեն նշել է, որ 2007-2012 թվականներին ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Արիֆ Մամեդովն «ապօրինի կերպով օգտագործել է ներկայացուցության համար հատկացված բյուջեի միջոցները, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է նշել եւ մի շարք լուրջ ֆինանսական թերացումներ է թույ լ տվել»:

 

 

Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը վերջերս Facebook սոցցանցում հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների դեմ քննադատությամբ:

 

 

Նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը Facebook սոցցանցում Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել «Սպիտակ երթի» դուրս գալ երկրում անօրինականության դեմ:

 

 

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ընդդիմադիր կուսակցությունները, մտավորականության ներկայացուցիչներն ու յուրաքանչյուրը, ով ապրում է երկրի նկատմամբ սիրով, պետք է դուրս գա բողոքի հանգիստ երթի: Դա լինելու է «Սպիտակ երթ», որին պետք է մասնակցել սպիտակ հագուստով եւ սպիտակ փուչիկներով», -գրել է դիվանագետը' նշելով, որ բողոքի երթը պետք է տեղի ունենա 2015 թվականի օգոստոսի 15-ին:

 

 

Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի այդ կոչը պաշտպանել են ադրբեջանական հասարակության ժողովրդավարական շերտի ներկայացուցիչ քաղաքական-հասարակական գործիչներ, դեմոկրատական հայացքների համար աշխատանքից հեռացված դիվանագետներ, մամուլի եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

 

 

Արիֆ Մամեդովը մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոններից հեռացվել էր, երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Նրա քննադատական ուղերձը պաշտպանել են մի քանի դիվանագետներ եւս, որոնք հետագայում ևս հեռացվել են զբաղեցրած պաշտոններից: