Ադրբեջանական նավթի սրնթաց գնանկման գործընթացը շարունակվում է. այն արդեն մի քանի օր է 50 դոլար/բարել-ից ցածր մակարդակի վրա է գտնվում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող Azeri LT CIF նավթի գինն այսօր 0,84 տոկոսով կամ 0,42 դոլարով էժանացել է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մամուլի ծառայությունը' նշելով, որ այն մեկ բարելի դիմաց կազմում է 49,63 դոլար:

 

Անցյալ շաբաթվա վերջին ադբեջանական նավթը մեկ բարելի դիմաց արժեր 50,31 դոլար, իսկ երեկ' 50,05 դոլար:

 

Azeri LT CIF նավթի նվազագույն գինը' 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն' 149,66 դոլար գինը' 2008 թվականի հուլիսին:

 

Ներկա դրությամբ' համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 48,63 դոլար, WTI նավթի մեկ բարելը' 41,97 դոլար:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից 40, 37 դոլարով ցածր է: