Հայկական հոգեբուժական ասոցիացիան նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նրանք կոչ են անում ԶԼՄ-ներին խնայել հասարակությանը և զուսպ լինել դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների լուսաբանման հարցում:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը հայտարարեց, որ խնդրի լուծման համար պատրաստեն համագործակցել ՀՀ պատկան մարմինների հետ՝ ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս:

 

«Խնդիրը բավականին մեծ նշանակություն ունի մեր հասարակության հոգեկան առողջության համար: Շատ դեպքերում ԶԼՄ-ները դառնում են ոչ թե չորրորդ, այլ երկրորդ իշխանություն և գործադիր ազդեցություն կարող են ձեռք բերել այն ազդեցությամբ, ինչն ունեն 21-րդ դարում»- ասաց Արմեն Սողոյանը: 

 

Ըստ բանախոսի՝ բազմաթիվ հետազոտություններ կան, որ լրատվամիջոցներով ներկայացված տեղեկատվությունը, հատկապես բռնությունները, անհետևանք չեն անցնում, նույնիսկ կործանարար հետևանք են ունենում մատաղ սերնդի համար:

 

«Ինչ էներգիայի մենք սնունդ ենք տալիս, այդ էներգիան սկսում է գերակշռել: Նույնը հասարակության մեջ է՝ կարելի է ձգել և հասցնել ստեղծագործական մեծ վերելքների աստիճանի կամ դեգրադացնել: Այսօր հասարակության հետ աշխատող միակ միջոցը ԶԼՄ-ներն են, որոնք մարդկանց կարող են դարձնել կամ ամենաազդեցիկը, կամ ոչինչ: 

 

Պարոն Սողոյանը սեփական ուսումնասիրությունն է կատարել, նա կարդացել է տարբեր ԶԼՄ-ներում ամենաընթերցված նյութերը և նկատել, որ դրանք բոլորն էլ բռնություն պարունակող հոդվածներ կամ տեսանյութեր են: Նա այն համոզմունքին է, որ բացասական ինֆորմացիան անպիտան է ընթերոցողի համար: