Հայաշատ Հալեպում իրավիճակը վերջին շրջանում համեմատաբար խաղաղ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի մեր աղբյուրն' ավելացնելով, որ կրակոցների, պայթյունների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են, սակայն ժողովրդին ցնցող երևույթներ, բարեբախտաբար, չեն եղել: Թեպետ լարված իրավիճակն ու թեժ բախումներն այժմ չկան, այնուամենայնիվ, իրավիճակը նախկին նման անորոշ է և անկախատեսելի: «Բնակիչներին ուրախություն է պատճառել նախորդ օրվա ջրամատակարարման վերականգնումը»,- նշեց աղբյուրը:
Հալեպում ջրի և էլեկտրաէներգիայի 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը: Անցնող օրերին Հալեպի բնակչությունը տառապալից օրեր է անցկացրել' ջրհորներից ջուր հայթայթելով և խմելու ջուր գնելով:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: