Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղ թաղամասում, իրավիճակն այսօր՝ հունիսի 19-ին, համեմատաբար հանգիստ է, պայթյունների, կրակոցների աղմուկը պակաս է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հունիսի 18-ին տասնյակ հրասանդներ են ընկել հայաշատ Սեբիլ շրջանում: Աղբյուրի տեղեկացմամբ, երեկ Հալեպի ս. Աստվածածին եկեղ եցում տեղի է ունեցել հունիսի 17-ին զոհված «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Վրեժ Սապաղջուրյանի հուղարկավորության արարողությունը:
Ինչ վերաբերում է քաղաքում ջրի և էլեկտրաէներգիայի խնդիրներին, ապա աղբյուրը տեղեկացրեց, որ էլեկտրականությունը կրկին ընդհատումներով օրվա տարբեր ժամերի մի քանի անգամ լինում է, ջրի տագնապն այժմ կարծես այնքան էլ սուր չէ: Հիմնականում ջրի խնդիր կա բազմահարկ շենքերում, որտեղ ջուրը դժվար է հասնում: Քաղաքի որոշ հատվածներում ջուր չկա: Մարդիկ այժմ սկսել են միջոցներ ձեռնարկել ջուր կուտակելու համար՝ զգուշանալով ջրամատակարարման դադարեցումից:
Բարեբախտաբար, իշխանություններն արդեն հայտարարել են, որ ջուրն արդեն ըմպելի է, և քաղաքացիները կարող են օգտագործել այն:
Վերջին երկու ամիսներին Հալեպում մեկ տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության ավելի քան 3 տարում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի գոտի է' ամայացած ու ավերակ...
Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: