Հալեպում իրավիճակը վերջին մի քանի օրերին համեմատաբար հանգիստ է, պայթյուններ և կրակոցներ թեպետ տեղի են ունենում, սակայն ոչ այնքան բուռն կերպով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը' ավելացնելով, որ հալեպցիների խնդիրները, դժվարությունները նույնն են. շարունակում են առկա մնալ էլեկտրականության, ջրի, համացանցի խնդիրները: «Վերջին օրերին Հասաքեում իրավիճակի սրման պատճառով մեծ թվով քրիստոնյաներ՝ այդ թվում հայեր, ասորիներ, տեղափոխվել են Ղամիշլի քաղաք»,- նշեց Ռեիսյանն' ավելացնելով, որ ոչ պաշտոնական տվյալնելով' Ղամիշլի է գաղթել մոտ 300 ընտանիք:

 

 

Ավելի վաղ' հունիսի 26-ին, համացանցում լուրեր էին տարածվել, որ Հասաքեի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում հայ երիտասարդ է զոհվել: Զոհված Արսեն Պետրոսյանը Սիրիայի ազգային պաշտպանական ուժերի անդամ էր:

 

 

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: