Երեք տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատավարության ավարտին ապացույցների իսպառ բացակայության պայմաններում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանքի կողմից՝ Սամվել Դիլոյանին, Արտակ և Արեն Վերանյաններին իր իսկ առաջադրած՝ խմբակային խուլիգանության, իսկ վերջինիս նկատմամբ նաև խմբակային սպանության հոդվածներից հրաժարվելուց հետո հանգուցյալ փաստաբանի քույրը պահանջում է արդարացնել նաև մյուս մեղադրյալին՝ Սամվել Դիլոյանին:

 

Տուժողի իրավահաջորդը նման համոզմունքի է հանգել երկարաձիգ դատաքննության ընթացքում, որի ավարտին Արեն Վերանյանից բացի ոչ մի ապացույցով չի հիմնավորվում նաև Սամվել Դիլոյանի մեղավորությունը, հակառակը՝ առկա են արդարացնող հիմքեր: Վերջին մի քանի դատական նիստերում որպես տուժող կողմ շարունակաբար պնդելով իր պահանջը՝ հանգուցյալի քույրը նաև անվստահության հիմքով բանավոր, ապա գրավոր կարգով բացարկ հայտնեց մեղադրող, գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանին՝ հատկապես վերջինիս կողմից իրեն արված՝ ապօրինի կարգով դիակի արտաշիրիմման գործողությանը համաձայնություն տալու առաջարկությունից հետո, որով դատախազը նպատակ էր հետապնդում «մի հատ հարված ավել տար իր եղբոր գլխին, որպեսզի հանրությանը ներկայացներ՝ եղել է կոտրվածք, և մեղադրանքը շարունակեր»: Բայց հանգուցյալի քույրը բացառեց դա՝ առարկելով դատախազի ապօրինի միջնորդությանը և հանրությանը ներկայացնելով նրա իրական դեմքը:

 

Դատախազը բնականաբար հերքում է, թե «հանցավոր համաձայնության է կանչել տուժողին», բայց դատախազության կեղծիքների մասին բարձրաձայնող Հասմիկ Մանուչարյանը շարունակում է արդարադատություն պահանջել:

 

«Թույլ չեմ տա, որ իմ եղբոր գերեզմանի անունի տակ ինչ-որ մի դրսում մեծավոր կամ գողական մուռ ունենա ու օգտագործի գերեզմանը՝ էս տղաներին իմ շողքի տակ պահելու էստեղ: Թույլ չեմ տա կեղտոտել իմ գերեզմանը և թույլ էլ չեմ տա այլևս ախպորս անունը էստեղ շոշափվի, փակե՛ք էս դատը: Չհասնի վերաքննիչ դատարան: Գտեք այս հինգ հատոր գրքերի մեջ մի հատ ճիշտ տող, մի հատ վկայի ցուցմունք կամ բերեք դատարանի դահլիճ մեկին և հիմնվեք այդ ցուցմունքի վրա ու պնդեք այս մեղադրանքի որոշումը: Ուզում եմ անդրադառնամ Սամվել Դիլոյանի որոշումին, որ մեղադրողը ներկայացրել է, ափսոս էլ է էս թուղթը, որ պետությանը վնաս են տվել, էսքան շարադրել մտքեր, որը որ կապ չունի էս դատավարության հետ: Չնայած էլի չեմ հավատում, որ էն տղեն, որ իր վրա է վերցրել (մեղադրյալներից Արտակ Վերանյանը, որ ինքնախոստովանական ցուցմունք է տվել հանգուցյալին հարվածելու մասին), նա է արել, դուք էլ (դիմում է մեղադրողներին) ինձանից լավ գիտեք կազմակերպողը և կատարողը: Ինձ համար անհայտ էլ մնաց, հայտարարում եմ՝ ով է սպանել իմ եղբորը: Փաստը մնում է փաստ, որ սպանվել է եղբայրս, բայց ո՞ւմ կողմից: Վախենում էլ եմ էստեղ հայտարարեմ, դրսում է անողը, դրսում է կատարողը, ով որ սպանել է: Ինչի ժամուկես իմ եղբայրը կենդանի է եղել, շտապօգնություն չի կանչվել: Այսինքն՝ միտումնավոր, ինչ-որ մեկի հրահանգով սպասել են մահանա, որ էս տղաներին չգիտեմ ինչ անեն»:

 

ՀՀ քաղաքացիների հարկերից գոյացող բյուջեից աշխատավարձ ստացող, այդ քաղաքացիներին ծառայելու կոչված պետական պաշտոնյան, սակայն, դատարանում իրեն վիրավորական արտահայտություններ թույլ տվեց տուժողի՝ կնոջ հասցեին՝ մասնավորապես շեշտելով, թե նա «մոլուցքով է տառապում», և սպառնաց միջոցներ ձեռնարկել նրա դեմ:

 

«Ես պահանջում եմ՝ թող չոտնահարեն իմ վիշտը, մոլուցք չի, մոլուցքը դո՛ւք ունեք, ձեր օրե՛նքը, որ բերում եք անմեղ մարդկանց բռնում, իսկ մեղավորին դրսում թողնում»,-մեղադրող Արթուր Երիցյանին պատասխանեց տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: