Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքը, և Խանդոյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Չնայած ես գտնվում եմ իմ երկրում, բայց ինձ դատում են Բաքվից հրավիրված արդարադատություն իրականացնող մարդիկ»,- դատարանում ասել է Արայիկ Խանդոյանը, ով ևս ներկա է գտնվել դատական նիստին:
Հունվարի 27-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը և երկարացրել Արայիկ Խանդոյանի կալանքի ժամկետը:
Հավելենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Սոնա Հարությունյան