«Իսլամական պետության» ահաբեկիչներն այլ զինված խմբավորումներից նոր տարածք են գրավել Սիրիայի հյուսիսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ' ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումը վերահսկողություն է հաստատել հինգ գյուղերի վրա, որոնցից երկուսը գտնվում են Թուրքիայի սահմանի մերձակայքում: Այլ զինված խմբավորումների հետ բախումներն սկսվել են Մարաա գյուղաքաղաքից:

 

ԻՊ-ն նախորդ տարվանից ի վեր հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Սիրիական և իրաքյան ուժերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը պայքարում են ահաբեկիչների դեմ, սակայն մինչև այժմ հնարավոր չի եղել ոչնչացնել նրանց:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: