Արաբական կոլիցիայի ռազմական օդուժը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսում գտնվող գործարանին, ինչի հետևանքով ամենաքիչը 30 խաղաղ բնակիչ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը' հիմնվելով տեղի բնակիչների խոսքերի վրա:

 

Եմենի իշխանությունների և «Անսար Ալլա» խմբավորման շիա ապստամբների միջև բախումներն սկսվել են մեկ տարի առաջ: Հունվարին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Սանան, որից հետո նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին փախուստի դիմեց Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին, երբ շիաները մտան Ադեն, նա հեռացավ երկրից: Նախագահի խնդրանքով, մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսեց իրականացնել «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: