Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիները փոխադարձության սկզբունքով կազատվեն ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հարավամերիկյան երկրներից երկուսի' Արգենտինայի և Ուրուգվայի հետ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002թ. մայիսի 7-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Սույն որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները: Ըստ նախարարի' Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանո ւմը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:
Նախագծի կարգավորման նպատակն է սովորական անձնագրեր կրող Բրազիլիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ' ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 (իննսուն) օր ժամանակահատվածով: