ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան' ժամը 07.50-ին, արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել: Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանին է ներկայացվել «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում օպերատիվ իրավիճակի զեկույցով է հանդես եկել ՀՀ ՏԿԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, Հայաստանի ԻՆՍԱՐԱԳ-ի քաղաքական պատասխանատու Հ. Եմիշյանը: Վերջինս նաև ներկայացրել է իրականացվելիք փրկարարական միջոցառումների նախագիծը:

 

Սցենարի համաձայն, X երկրում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել է շուրջ 5500 մարդ, տուժել' 30 հազար: Կան ավերածություններ: Տուժած երկրի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը՝ փրկարարական և մարդասիրական օգնության համար: Կայացվել է որոշում հայկական փրկարարական ջոկատի մեկնելու վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության դասակարգչի, X երկրում առկա քաղաքական իրավիճակի կայունության մասին տեղեկատվությունը նախարար Երիցյանին զեկուցել է ՀՀ ՏԿԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը:

 

Ամփոփելով խորհրդակցությունը' ՏԿԱԻ նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ուսումնավարժանքում ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին: