Հայաստանը կարող է ԵՏՄ-ի անդամ դառնալ 2015 թ.-ի հունվարի 2-ից: ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության և տնտեսական համագործակցության մարմինների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագիր են ստորագրել: Այն ուժի մեջ կմտնի 2015թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:

 

«Պայմանագրի վավերացումը համընթաց է, սակայն չի ստացվում դա անել միաժամանակ և նույն օրը»,- նշել է Սիսոևան՝ ավելացնելով, որ Ղազախստանը կիրականացնի վավերացումը հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:

 

«Սակայն, ընդհանուր առմամբ, մենք հույս ունենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրներն ավարտել են վավերացումը և պատրաստ են, որպեսզի պայմանագիրն ուժի մեջ մտնի 2015թ. հունվարի 1-ից»,- ավելացրել է նա:

 

Խոսելով ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորության մասին՝ Սիսոևան նշել է, որ Ղրղըզստանում այս պահին ճանապարհային քարտեզի իրականացումն է մշակվում, իսկ Հայաստանը դա արդեն արել է:

 

«Միանալու պայմանագիրը պատրաստ է, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչինչ չխանգարի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում մենք կարծում ենք, որ նման պայմանագիր կստորագրվի, ինչը կնշանակի, որը Հայաստանը հնարավոր է ԵՏՄ-ի անդամ դառնա 2015թ. հունվարի 2-ից»,- հայտարարել է Սիսոևան:

 

Ղրղըզստանի կառավարությունը 2011 թ.-ի գարնանը պաշտոնապես դիմել է ՄՄ-ին միանալու խնդրանքով: 2013 թվականի սեպտեմբերին ՄՄ մտնելու և ԵՏՄ-ի ձևավորման գործում մասնակցելու մտադրության մասին է հայտարարել Հայաստանը: