Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին անցկացվելիք ընտրությունների նախօրեին մեծացնում է մամուլի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է անգլիական The Financial Times թերթը' ընդգծելով, որ անկախ մամուլը Թուրքիայում գտնվում է սարսափելի վիճակում:
Թերթը հիշեցնում է, որ ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2013 թվականից այս կողմ մշտապես շեշտում է Թուրքիայում մամուլի ոչ ազատ լինելը: Թերթը նաեւ հավելել է, որ 2011 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի հակակառավարական զանգվածային ցույցերից հետո 300-ից ավելի լրագրողներ գործազուրկ են դարձել, իսկ անցյալ տարի մի քանի անկախ հեռուստալիքներ 254 անգամ պատժվել են կառավարության հասցեին քննադատություն հնչեցնելու համար:
Ըստ պարբերականի' ընթացիկ տարվա հունիսի 7-ին անցացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված' Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարել է, որ ընտրություններում իր ցուցադրած դերակատարությամբ Էրդողանը ոտնահարել է օրենսդրությունը, իսկ այդ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: «Հունիսի 7-ի ընտրություններն ավելի շատ նման էին հանրաքվեի եւ միտված էին Թուրքիայում նախագահական համակարգ հաստատելու Էրդողանի նկրտումներին, իսկ նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հանրաքվեն, որով Էրդողանը ցանկանում է հասնել հաղթանակի, որպեսզի կարողանա կրկին միակուսակցական իշխանություն հաստատել երկրում», -գրել է թերթը: