«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մաշտաբն աննախադեպ է, և դրանց ընթացքում ապահովվում է բարձր կազմակերպչական որակ: «Այս զորավարժությունների ընթացքում մենք տեսնում ենք յուրաքանչյուր պետական գերատեսչության պատրաստվածության և կազմակերպչական բարձր մակարդակը: Հանրության շրջանում արձագանքներն իրապես դրական են, ինչը շատ կարևոր է հանրության սոցիալական բոլոր շերտերի ներգրավվածության առումով, որպեսզի ֆորս-մաժորային և պատերազմական լարված իրավիճակների դեպքում բոլորն իմանան, թե ինչպես և ինչ կերպ պետք է արձագանքեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

 

Նրա գնահատմամբ' հաջող անցկացվող «Շանթ 2015» զորավարժությունները հստակ ուղերձ են Ադրբեջանին, որպեսզի այն դադարեցնի իր ռազմատենչ հայտարարությունները: «Ես վստահ եմ, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ մեր հակառակորդ Ադրբեջանը երբևէ չի կասկածել, որ ամեն պահ իր սադրիչ գործողություններին ի պատասխան ստանալու է արժանի հակահարված, որովհետև Ադրբեջանի քաղաքական էլիտայի ամեն օր և ժամ արվող սպառնալից հայտարարությունները ոչ թե ուժի, այլ թուլության նշան են. ուժեղը երբեք չի սպառնում, քանի որ վստահ է իր ուժերին»,- ընդգծեց ԲՀԿ-ի նախագահը:

 

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մա րմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

 

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: