Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու' սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:

 

«Զորավարժությունների նպատակն է պարզել պետության ներուժը հնարավոր պատերազմների ժամանակ: Նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները: Գնահատական դեռ վաղ է տալ, հետագայում արդյունքերը կամփոփվեն: Գերատեսչությունները համապատասխան ներմուծականներ են ստանում: Դրանց վերաբերյալ որոշումներ արդեն կայացվել են եւ զեկուցվում են զորավարժության համապատասխան ոլորտի ղեկավարին: Որոշ ներմուծականներ նաեւ գործնականում պետք է իրականացվեն: Բոլոր գերատեսչությունները ստանալու են գնահատական»,- ասաց Մովսես Հակոբյանը:

 

Նա շեշտեց, որ հայկական զինուժը բավական լուրջ է պատրաստվել զորավարժությանը եւ «Շանթ 2015»-ի շրջանակում զինված ուժերը ունեն 65 օրվա պահուստ՝ բոլոր տեսակի նյութական միջոցների:

 

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

 

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: