Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակում սեպտեմբերի 24-ի առավոտյան միմյանց հետ ողջագուրվեցին Արցախի պաշտպանության բանակի շարքերում աչքի ընկած գեղարքունիքցի 50 զինծառայողներ, նրանց ծնողներն ու հարազատները:


«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Մարտունու մշակույթի տանը հրավիրված «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների համատեղ նախաձեռնությամբ, որը միտված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանը և ամրապնդմանը, կարգապահությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների քաջալերմանն ու խրախուսմանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի վետերաններ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում աչքի ընկած զինծառայողները և նրանց ծնողներն ու հարազատները:

 

Ներկաներին հայրենասիրական երգերով ողջունեց ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական համույթը: Անուն առ անուն ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի մարտական այն ջոկատները, որոնք Արցախյան գոյամարտի տարիներին կենաց ու մահու պայքարում կարողացան ամուր կանգնել հայրենի երկրի պաշտպանության դիրքերում: Ապա ձայնը տրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: «Այս հանդիսավոր միջոցառումը նվիրված է հայ ընտանիքին: Այստեղ հավաքված են մեր բանակի լավագույն զինծառայողների ընտանիքները, ովքեր մեծ դեր ունեն իրենց զավակների կրթության ու դաստիարակության, Հայոց բանակի հզորությունն ապահովելու գործում: Սիրելի ծնողներ, պապեր ու տատեր, կարելի է ասել, որ դուք արդեն արել եք գործի կեսը' մեզ թողնելով միայն ձեր զավակներին ռազմական գործն ուսուցանելը: Առանձնակի ուզում եմ կարևորել Գեղարքունիքի մարզի դերն Արցախյան ազատամարտում, հատկապես' Քարվաճառի ազատագրության գործում»,- նշեց Մովսես Հակոբյանը:

 

«Փառք ու պատիվ ձեզ, որ բարձր եք պահում մեր հողի ու հայ զինվորի պատիվը: Դուք ձեր սխրանքով թշնամուն պարտադրեցիք, որ նա հայոց սահմաններից ներս թափանցել չկարողանա: Հավատացած եմ, որ այսպիսի հանդիպումից հետո ցանկացած ծնող այստեղից տուն կգնա ոգևորված, շատ վհատներ էլ կփոխեն իրենց կարծիքը Հայոց բանակի մասին: Մենք միասին դեռ պայքարի երկար ճանապարհ ունենք անցնելու մեկ ընտանիքի պես»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Արցախյան ազատամարտում Գեղարքունիքի մարզը տվեց 432 զոհ և 254 վիրավոր: Զոհերը միշտ ապրում են մեր հոգիներում, իսկ ապրող երկրապահները, տարեց, թե պատանի, ամենուր հայրենասիրության դասեր են տալիս: Երկրապահն այն բանակն է, որի զինվորը երբեք չի զորացրվում»,-իր խոսքում նշեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Հայրենասիրական ու ոգեկոչող ելույթներով հանդես եկան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի տնօրեն Հերիքնազ Խաչատրյանը, Հայոց բանակի սպա Գառնիկ Ալավերդյանը, զինվորի ծնող Արմեն Օհանյանը: Դահլիճում ցուցադրվեց «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:

 

Ելույթներից հետո սկսվեց պարգևատրումների հանդիսավոր արարողությունը: Հայոց բանակի գնդապետ Բարեղամ Մուրադյանն ընթերցեց ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանագրերը' հայրենիքին մատուցած ծառայության համար մի շարք զինծառայողների, Արցախյան գոյամարտի մասնակիցների մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» հետմահու պարգևատրվեց հայկական բանակի մայոր, Ծովինար գյուղի բնակիչ, այս տարվա օգոստոսին թշնամու դիվերսիոն խումբը վնասազերծելիս զոհված Սարգիս Աբրահամյանը: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» պարգևատրվեց զինծառայող Արմեն Պետրոսյանը, «Մարտական ծառայության մեդալով»' Արման Դռնոյանը: ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների հրամանով «Դրո Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» և մի շարք այլ կարգի մեդալներով ու ժամացույցներով պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի շարք զինծառայողներ և Արցախյան ազատամարտի վետերաններ: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ և Գեղամասարի միջնակարգ դպրոցները:

 

Գնդապետ Բարեղամ Մուրադյանը ներկայացրեց այն զինծառայողների անունները, ովքեր ԼՂՀ ՊԲ հրամանատարի կողմից արժանացել են օրենքով սահմանված կարգով կարճաժամկետ արձակուրդի: Ընթերցվեց նաև հրամանատարության կողմից նրանց ծնողներին ուղղված շնորհակալական նամակը:

 

ԵԿՄ վարչության կողմից նվերներ հանձնվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների: Թանկարժեք նվերով' զենքով պարգեւատրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:



Խոսրով Խլղաթյան