Հայաստանում արտադրվող հոգեմետ դեղերը բարձրորակ են: Այս գնահատականը լրագրողների հետ հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպմանը հայտնեց հոգեբույժ Հարություն Մինասյանը:

 

Նա նշեց, որ, մասնավորապես, շիզոֆրենիա հիվանդության բուժումը միայն դեղորայքային է' հավելելով, որ պսիխոֆարմակալոգիան աշխարհում արագ տեմպերով է զարգանում։ «Հայաստանում ևս արտադրվում են հոգեմետ դեղեր, որոնց հումքը ներկրվում է, որից այստեղ հաբեր են պատրաստում։ Պետք է նշեմ, որ այդ հաբերը լավ որակի են»,- նշեց մասնագետը։

 

Անդրադառնալով այս տարի հոկտեմբերի 10-ին նշվող Հոգեկան առողջության համաշխարհային օրվան' նա հիշեցրեց, որ այն կրում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագիրը։ «Պետք է իմանալ, որ շիզոֆրենիան ամբողջ մարմնի հիվանդություն է, որը դրսևորվում է ուղեղի ֆունկցիայի խանգարմամբ։ Հիվանդության առաջացման հիմնական պատճառը ժառանգականության գործոնն է, սակայն դա չի նշանակում, որ այն պարտադիր պետք է փոխանցվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց բանախոսը և հավելեց, որ շիզոֆրենիայի բուժումը միայն դեղորայքային է և հիվանդությա ն բուժման համար օգտագործում են «Ամինազին» դեղը, որը հայտնագործվել է 1953թ. -ին և շրջադարձային նշանակություն է ունեցել շիզոֆրենիայի բուժման մեջ։

 

Մինասյանը կարծիք հայտնեց, որ հասարակության մեջ պետք է վերացնել խարանը հոգեկան հիվանդություններով տառապողների նկատմամբ։ «Հաճախակի են լինում դեպքերը, երբ հանրության խարանի պատճառով հոգեկան հիվանդները դիմում են էքստրասենսների և թուղթ ու գիր անողների, ինչի արդյունքում հիվանդությունը ավելի է խորանում»,- ընդգծեց նա' հավելեցով, որ լինում են դեպքեր, երբ հիվանդները հոգեբույժին դիմելու փոխարեն դիմում են հոգեբանի, ինչը սխալ է, քանի որ հոգեկան հիվանդությունները բուժում են միայն դեղորայքային ճանապարհով, իսկ փսիխոթերապիան կամ հիպնոզը հակացուցված են։

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի դիսպանսերներում գրանցված է մոտ 46 հազար հոգեկան հիվանդ։