Վաղվա խաղում մեր թիմի մոտիվացիան երկրպագուների առջև արդարանալն ու հավատ ներշնչելն է: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը:

 

Այն հարցին, թե ի՞նչ տրամադրություն է տիրում թիմում պարտություններից հետո և որքանո՞վ են վաղվա խաղին պատրաստ, Համբարձումյանը նշեց.

 

«Ճիշտ է՝ շատ դժվար է պարտությունից հետո վերականգնվելը, բայց տրամադրությունը նորմալ է, կփորձենք ամեն ինչ անել, որ երկրպագուների վստահությունը մեր նկատմամբ վերականգնվի: Ինքս լավ մարզավիճակում եմ: Վաղվա խաղում հայկական թիմի մոտիվացիան երկրպագուների առջև արդարանալն ու հավատ ներշնչելն է, որ կարող ենք խաղալ այնպես, ինչպես երկու տարի առաջ էինք խաղում»: