Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հայտնել են, որ նոր հզոր հարձակում են գործել թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում տարբեր կողմերից հարձակվել են թուրքական զրահամեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 15 թուրք զինվոր: Կատարվածը 2015 թվականի հուլիսին թուրք-քրդական զինադադարի խախտումից հետո կարող է համարվել ամենաարյունալի բախումը կողմերի միջև: PKK-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակման շնորհիվ իրենք առգրավել են մեծ քանակությամբ զինամթերք:
Ուշագրավ է, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որևէ կերպ չի հաստատել այս տեղեկությունը, սակայն հայտնի է դարձել, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, կիսատ թողնելով ֆուտբոլի ազգային հավաքականի խաղի դիտումը Քոնիայում, վերադարձել է մայրաքաղաք և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նույն օրը Թուրքիայի զինուժը լայնամասշտաբ օդային գործողություններ է իրականացրել Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Թուրքական կողմը ռազմական F-16 և F-4 ինքնաթիռներով հարվածներ է հասցրել PKK-ի 13 հենակետի: