Մոնպելյեի կենտրոնի ոսկերչական խանութում երեկ երկու կնոջ պատանդ վերցրած կողոպտիչը ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ մի քանի ժամվա բանակցություններից հետո հանձնվել է։ Ինչչես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Agence France-Presse-ը, հայտնում է, որ պատանդները չեն տուժել։

 

Ավելի վաղ Ֆրանսիայի իրավապահ մարմիններից հայտնել էին, Մոնպելյեում պատանդառումը որևէ կերպ կապված չէ Փարիզի ահաբեկչությունների հետ և ունի բացառապես քրեական բնույթ։

 

Ոսկերչական խանութի վրա հարձակումը տեղի է ունեցել այն փակելուց քիչ առաջ։ Դրա տարածքում գտնվել են խանութի աշխատակիցը և դրա սեփականատիրոջ կինը։ Այն բանից հետո, երբ իրավիճակը դուրս է եկել չարագործի հսկողությունից, նա «բարիկադավորվել» է և պատանդ վերցրել նշված երկու կանանց։

 

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների արդյունքում վերջին երեք օրերին մահացել է 17 մարդ. Charlie Hebdo ամսագրի 10 աշխատակից, հրեական խանութի 4 պատանքները և 3 ոստիկան։

 

«Ալ Քաիդա»-ի Եմենում գործող բջջի անդամներից մեկը հաստատել է խմբավորման մասնակցությունը ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակմանը։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը։ ««Ալ Քաիդա»-ն Արաբական թերակղզում ղեկավարել է գործողությունը և մանրզննին ընտրել է թիրախը (հարձակման համար)»,- նշվում է խմբավորման ակտիվիստի գործակալությանը փոխանցած հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ահաբեկչական գործողությունը կատարվել է ի պատասխան Charlie Hebdo-ի լրագրողների՝ Մուհամեդ մարգարեին հասցված վիրավորանքի։

 

Միաժամանակ, «Սուրիա ալ Էն» գործակալության տվյալներով, Charlie Hebdo-ի վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է սունիական ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

 

Լուսանկարը՝ ՏԱՍՍ/ EPA/ Etienne Laurent