Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր' Քաջության չորրորդ աստիճանի պարգևի: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Բալայանը օգտագործել է «ահաբեկչություն գնացքում» (#terror on a train) և «հայ» (#armenian) հեշթեգերը:

 

Օգոստոսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել 51-ամյա Մարկ Մուգալյանը:

 

Նա փորձել էր վնասազերծել ահաբեկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ' հարձակվելով «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին: