Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես տեղեկանում ենք Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նրանք քննարկել են Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում

:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ' վիրավոր:

 

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով'զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

 

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը' Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի' Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

 

Ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ կողմերն իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնք արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմիններ: