«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սեպտեմբերի 25-ին' ժամը 18:00-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնի: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գևորգյանն այն կարծիքը հայտնեց, որ այս նախաձեռնությունն ամբողջությամբ քաղաքականացված է.

 

«Շարժումն ամբողջությամբ քաղաքականացված է, քանի որ քաղաքական հարց է բարձրացված: Չի կարող քաղաքական հարց բարձրացվել և վախենալ քաղաքականացումից: Կեղծ տպավորություն է ստեղծվել, որ քաղաքականն ինչ-որ «բոբո» է, բայց իրականում սա քաղաքական հարց է և քաղաքական շրջանակներում էլ պետք է քննարկվի»: 

 

Անդրադառնալով նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի հետ հանդիպումներին՝ նախաձեռնության անդամը նշեց.

 

«Իհարկե, լավ կլիներ, որ ընդդիմադիր պատգամավորները չհանդիպեին Բաղրամյան 26-ում և ֆոտոսեսիայի չմասնակցեին: Բայց եթե մասնակցել են, մեծ տրագեդիա չէ, հասկանում ենք, որ պայքարի հիմնական տեղը ոչ թե Ազգային ժողովն է, այլ փողոցային պայքարը: Ազգային ժողովում երկու պատգամավոր կամ մեկ պատգամավոր այս կողմ կամ այն կողմ, շատ բան չի փոխվելու, հիմնական պայմանը փողոցն է»,- ասում է նախաձեռնության անդամը:

 

Կարծում են, որ նախագահական նստավայրում ֆոտոսեսիայի մասնակիցների հետ քննարկելու ոչինչ չկա, բայց ի պատասխան այն հարցին, թե, օրինակ, այնտեղ է եղել նաև Հրանտ Բագրատյանը, նախաձեռնության անդամ Արմեն Գևորգյանն ասաց.

 

«Պարոն Բագրատյանը դեռ չի հայտարարել՝ ինչո՞ւ է գնացել այնտեղ։ Գուցե ասի՝ գնացել է հայտարարի, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին և գնացել է իր մտահոգությունը հայտնելու այնտեղ, կամ ասի, որ կողմ է։ Դա պետք է ինքը հայտարարի: Մենք առանց պարոն Բագրատյանի էլ կարող ենք գնալ առաջ։ Եթե նա ցանկանա, միասին էլ»։

 

Ակտիվիստները շփվելով և՛ ՀԱԿ-ի, և՛ ՀԽ-ի հետ վստահաբար ասում են, որ նախաձեռնության անդամների մեջ պառակտման վտանգ և տեսակետների տարբերություն այս պահին գոյություն չունի:

 

Նկատում են, որ ՀՀԿ-ականները բավականին անհանգստացած են, որովհետև ձևավորվել է միասնական ճակատ: «Եթե ասում են պառակտված է «Ոչ»-ի ճակատը կամ իրենից ոչինչ չի ներկայացնում, ապա շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ իսկ ինչո՞ւ էին հյուրանոցները փակել մեր առաջ»,- ասաց Արմեն Գևորգյանը: