Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այս մասին Աժ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ընդհանրապես, իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր չկան: Եթե այս փաստաթղթ ի մեջ 70 տոկոսը մեզ բավարարում է, մենք կողմ ենք լինում դրան: Ես սահմանադրական բարեփոխումերի մասնագիտական հանձնաժողովի անդամների, Հանրապետության Նախագահի հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում հասկացա, որ մեր ժողովուրդը պետք է անցնի այս ճանապարհով: Մենք պետք է կարողանանք գնալ կոնսենսուսի, և ԲՀԿ-ն կողմ է Սահմանադրության այս տարբերակին»,- նշեց Մելքումյանը:

 

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում ևս մեկ անգամ վերահաստատեց իրենց դիրքորոշումը. ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին և ամեն ինչ անելու է, որպեսզի դրանք կյանքի կոչվեն:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր ելույթում հակադարձեց մի խումբ ընդդիմադիրների ելույթներին՝ հստակեցնելով, որ «Հանրապետական» կուսակցությունը մեկ տարի շարունակ քննարկել է սահմանադրական բարեփոխումները, ներկայացրել է իր առաջարկները և այս պահին միակամ կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:

 

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ շեշտեց, որ իրենք դեմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, իսկ սեպտեմբերի 25-ին Գյումրիում անցկացնելու են առաջին հանրահավաքը' սահմանադրական բարեփոխումների դեմ: