ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցա կազմելու խնդիր չի դրել իր առջև: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմի՝ հաշվի առնելով, որ քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ սահմանադրական բարեփոխումներին: «Ոչ, ՀՅԴ-ն ոչ մի կերպ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել: Այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ կետերն էինք ներկայացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Ռուստամյանը:

 

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետներն ունի, քսան-քսանհինգ տարի արտահայտել է դրանք ու շարունակում է պաշտպանել: «Եթե այդ տեսակետներից մեկը պաշտպանվում է, մենք համարում ենք, որ դա դրական գործընթաց է: Անկախ նրանից, թե ով է այդ տեսակետն ընդունում, մենք պատարստ ենք համագործակցել ու այդ տեսակետը իր իրագործմանը հասնի»,- հավելեց Ռուստամյանը:

 

Պատգամավորի խոսքով' ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀՅԴ-ն կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Նա ընդգծեց' այսօրվա կուսակցություններից, բացի ՀՀԿ-ից, մյուսները համաձայն են եղել խորհրդարանական համակարգին անցնելուն: «Մեզ ասում են' կողմ եք' չտեսնելով նախագիծը, մենք ասում ենք, որ եթե ուզում ենք խորհրդարանական համակարգին անցնենք, դրա համար սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, մենք դրա համար ենք սահմանադրական բարեփոխումներին կողմ, ոչ թե կողմ ենք ինքնանպատակ»,- ասաց Ռուստամյանը:

 

Ըստ նրա' իրենք չեն կարող կողմ չլինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ուզում են, որ համակարգը փոխվի. այլ ճանապարհ չկա: Ռուստամյանի դիտարկմամբ' կոալիցիա կազմելու նպատակ ՀՅԴ-ն երբեք չունիլ, հակառակ դեպքում՝ կոալիցիայից դուրս չէր գա:

 

Ինչ վերաբերում է քառյակի մասնատմանը, Ռուստամյանի խոսքով' միշտ էլ ասել են' քառյակ է այնքանով, քանի դեռ չորս քաղաքական ուժերը համաձայնության են եկել ինչ-որ բանի շուրջ, իսկ մնացած հարցերում' ազատ են: