Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի արդար և թափանցիկ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որոշելու, պետք են երկրում սահմանադրական բարեփոխումները, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին: «Ես ողջունում եմ այն հանգամանքը, որ մենք հնարավորություն ունենք խոսել քաղաքացիների հետ, նրանց տեղյակ պահել սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին: Բարձր եմ գնահատում քարոզարշավի ընթացքը, որի շրջանակներում «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ծանոթացնում են նրանց գործընթացի հետ, նաև լսում են նրանց խնդիրները»,-նշեց վարչապետը:

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորին կոչ է արեց դիմել իրեն, եթե որևէ համայնքի ղեկավար, մարզպետ նրանց կստիպի մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին և «այո» քվեարկել: Նա վստահեցրեց, որ «այո»-ի կենտրոնական շտաբի կողմից որևէ ցուցում չի գնացել տեղական շտաբերին, թե պետք է մարդկանց ստիպել, որ մասնակցեն հանրաքվեին և «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին: «Ես կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին դիմել ինձ, եթե որևէ մարզպետ, համայնքի ղեկավար, տեղական շտաբի ղեկավար նրանց կստիպի գնալ և «այո» ասել սահմ անադրական բարեփոխումներին: Ես խոստանում եմ լինել օբյեկտիվ և պատժել նման անձանց»,- ընդգծեց վարչապետը:

 

 

Վարչապետի համար զարմանալի է, որ «ոչ»-ի անդամներն իրեն մեղադրում են Արագածոտնի մարզում «այո»-ի քարոզչությանը մասնակցելու մեջ: «Ես որևէ կապ չունեի այդ շոուների հետ: Ես այցելել էի քամու հետևանքով առաջացած իրավիճակին տեղում ծանոթանալու և ընդհանրապես իմ ողջ խոսակցությունը ձայնագրվել է լրագրողների կողմից: Ես այդ օրը որևէ քաղաքացու հետ սահմանադրական բարեփոխումներից չեմ խոսել, «այո»-ի քարոզ չեմ տարել»,- ասաց Աբրահամյանը:

 

 

Վարչապետը նաև պատգամավորներին կոչ արեց Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել ճիշտ տեղեկատվություն հաղորդելու, այլ ոչ թե օդի մեջ ինչ-որ հայտարարությոնւներ անելու համար: