Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր ադրբեջանական դիրքերում սկսել են տեխնիկա աշխատեցնել, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մինչև այս պահն էլ իրենց դիրքերում տեխնիկա են աշխատեցնում, մինչ այսօր չէինք նկատել նման բան: Դիրքերում իրենց շարժը մենք պարզ տեսնում ենք»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը:
Մեր այն հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը, տեխնիկա աշխատեցնելով, փորձում է դիրքերը էլ ավելի բարելավել՝ դրանք առաջ բերելով, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, նրանց նպատակը շատ դժվար է իմանալ: Երբեք չենք կարող կռահել, թե ինչ կա թշնամու մտքին: Ադրբեջանական կողմն ինչքան կարողացել առաջ է եկել, էլ ո՞ւր գա, էլ տեղ չկա առաջ գալու»,- ասաց համայնքի ղեկավարը:
Համայնքապետը հայտնեց, որ ադրբեջանցիները արդեն մեքենաներով են սարի լանջով շարժվում. «Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել, մինչև այսօր մեքենա չէր նկատվում։ Իրենց պոստերը մոտիկ-մոտիկ են՝ էնքան էլ հեռու չեն՝ 500 մետր, 1 կմ, որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստերը դրել»,- ընդգծեց նա։
Զվարթ Պետրոսյան