«Ես զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների հետ, յուրացողների հետ, և մենք որևէ լուրջ քայլ չենք իրականացնում»,- Ազգային ժողովի այսօրվա նիստում, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ.-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ «այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն»:
ԱԺ նախագահը ՎՊ նախագահից հետաքրքրվեց, թե այդ չինովնիկները, ովքեր բյուջեից «գումարներ են լափում», ինչ պատասխան են տալիս հայտնաբերված 100 մլն կամ 200 մլն դրամի յուրացման վերաբերյալ:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ, բացառությամբ երկու դեպքերի, որոնք վերաբերում են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից թույլ տրված խախտումներին, մնացած բոլորն ընդունվել են խախտումներ թույլ տված պատասխանատուների կողմից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենց համար անընդունելի են «կոռումպացված, չաղ ու բախտավոր չինովնիկները»:
ՎՊ նախագահը՝ ի պատասխան պատգամավորների հարցադրումների, հայտնեց, որ իր ղեկավարած կառույցը հայտնաբերում է խախտումներ և չարաշահումներ, կարող է ԱԺ-ի հետ համագործակցաբար օրենսդրական լուծումներ գտնել, սակայն ՎՊ-ին պատժիչ գործառույթ օրենքով վերապահված չէ: