Մենք ուզում ենք ասել, որ ինքներս պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, որն արդիական է և որի հետևանքով հասարակության մոտ կան խնդիրներ, մտահոգություններ, մենք պատրաստ ենք վեր հանել, քննարկել և հանրությանը տեղյակ պահել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն' անդրադառնալով Մարտի մեկի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին:

 

«Գլոբալ առումով, մենք պատրաստ ենք քննարկելու, բայց Մարտի մեկի հետ կապված, եղել են հոդվածներ, ձևակերպումներ, որոնց արդյունքում ընդհանուր հայտարարի չենք եկել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ դա է եղել պատճառը, որ նախորդ անգամ հանձնաժողովը չստեղծվեց: «Իսկ ընդհանուր գաղափարը մեզ համար ընդունելի է»,-ասաց ԱԺ նախագահը:

 

Վերջինս խոսեց նաև գազի հանձանաժողովի մասին' ասելով. «Ընդդիմության բոլոր առաջարկներն ընդգրկված են այսօրվա նախագծում և կան բազմաթիվ ավելացված հարցերի շրջանակ, որը մենք ենք առաջարկում, որ քննարկվեն: Բայց տեսնում եք բազմաթիվ քննադատություններ կան: Մենք առաջարկում ենք, որ աշխատեն և արդյունքները լինեն արդյունավետ: Մեր նպատակն է, որպեսզի եթե կան չարաշահումներ, վեր հանենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: