Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հաստատել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի այսուհետ չափորոշիչներին համապատասխանող համարանիշերում ավելացվում է «G» և «X» տառերը:

 

Նախագիծը ներկայացրեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե այս տարի այդ պետհամարանիշերի վաճառքից որքան գումար է ստացվել:

 

Եղիազարյանն ասաց, որ այս պահին ձեռքի տակ հստակ տեղեկություն չունի և չի կարող կոնկրետ թիվ ասել, բայց ընդգծեց, որ նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել, որը գնացել է պետական տուրք:

 

Աբրահամյանը արձագանքեց, թե պետական տուրքը ևս ոստիկանությունն է տնօրինում և հորդորեց ավելացնել գումարի թվերի քանակը:

 

Այնուհետև վարչապետը հանձնարարեց Դավիթ Հարությունյանին. «Մի հատ հանեք, նայեք՝ ինչքան փող է եկել բյուջե»:

 

Նշենք, որ 2007 թվականի հուլիսի 19-ի որոշման հավելվածի համաձայն՝ օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: