Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը:
Պարոն Աբրահամյան, բացի ՕԵԿ-ից, ԱԺ մյուս խմբակցությունները, հնարավոր է, բոյկոտեն ԱԺ վաղվա հատուկ նիստը, ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
Ես կանխատեսումներ չեմ անում, ես գտնում եմ, որ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին:
Պատժամիջոցներ լինելո՞ւ են բացակայողների նկատմամբ:
Ես չեմ ակնկալում, որ չեն մասնակցելու, եթե չեն մասնակցելու...
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին այդ օրը հրավիրել է Ազատության հրապարակ՝ միանալու ժողովրդին:
Անլուրջ եմ համարում այդ հրավերքը:
Դուք ժողովրդի պահանջն անլո՞ւրջ եք համարում:
Դուք ժողովրդի անունի՞ց եք խոսում, ինձ թվում է՝ դուք դրա իրավունքը չեք վաստակել:
Ազատության հրապարակում հավաքվածների պահանջն է այդպիսին:
Ի՞նչ պահանջ, տրամաբանություն տեսնո՞ւմ եք այդ պահանջի մեջ: Ես ձեզ մի բան կասեմ՝ որևէ վեճ չկա, գոյություն ունի Սահմանդրություն, օրենքներ, կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ընտրվել է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է, այլոց խոսակցություններով, դատարկամտությամբ չեմ զբաղվում, դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել: Իմ կարծիքով՝ արդեն ժամանակը սպառվել է այդ հարցերը տալու կամ ակնկալելու լուրջ լուրջ պատասխաններ:
Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկխոսությունը կայանալո՞ւ է:
Իմ կարծիքով՝ առաջարկը եղել է երկկողմ, իրենց դաշտում է, իրենք կորոշեն՝ հանդիպել, կհանդիպեն: Ես գտնում եմ, որ հանրապետության նախագահը շատ ճիշտ է վարվում, որ հրավիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական շենք, նստավայր, որ այնտեղ քննարկեն հարցերը:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը՝ իշխանությունը կիսեք ժողովրդի հետ, հնարավո՞ր է ՀՀԿ-ն կատարի:
Հանրապետականի նախագահը շատ տրամաբանական դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, որ գրիչ ու թուղթ վերցնի, այցելի նախագահական, նստեն, քննարկեն հարցերը:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրավիրվել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, հնարավո՞ր է, որ կոշտացել է ՀՀԿ-ի դիրքորոշումը:
Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի այդ հարցին: Ես չեմ բացառում և գտնում եմ, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական: Ինչքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: Եվ ես գտնում եմ, որ երբեք չի ավարտվում, չի սպառվում երկխոսությունը: Միշտ կարելի է շարունակել, միշտ կարելի է վերականգնել, և ճիշտ կլինի, որ այդ երկխոսությունը շարունակվի: Ես գտնում եմ, որ համերաշխությունը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից:
Ապրիլի 9-ին բախումներ կամ իրավիճակի սրացում կարո՞ղ են լինել:
Ես կանխատեսումներ չեմ ուզում անել: Գոյություն ունի անվտանգության ծառայություն, և իրենց կզբաղվեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները իրականացմամբ: Ես վստահ եմ, որ որևէ մի սադրանքի տեղիք չենք տալու:
Ռոբերտ Քոչարյանին հրավիրել եք երդմնակալությանը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ինչո՞ւ չեք հրավիրել:
Այլ հարցեր ունե՞ք:
Եթե միայն ՕԵԿ-ը մասնակից հատուկ նիստին, ի՞նչ հետևություն կանեք դրանից:
Ես հետևություններ կանեմ, երբ որ նիստը կսկսվի, կավարտվի, հետո:
Տեղյա՞կ եք, Գագիկ Ծառուկյանը գալո՞ւ է հատուկ նիստին:
Գագիկ Ծառուկյանին դիմեք: Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դիմում դուք ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանին դիմեք:
Րաֆֆի Հովհաննիսյանին ինչո՞ւ չեք հրավիրել:
Դե Րաֆֆին համարում է, որ ինքը ընտրված նախագահ է, ինքն էլ մեզ չի հրավիրել:
Հրավիրել է:
Ես մի բանի վրա զարմանում եմ, դուք էլ մեծ մարդիկ եք, լուրջ գործերով զբաղվեք, լուրջ հարցեր ինձ տվեք:
Լուրջ հարց չէ՞, երբ որ երկու երդմնակալություն է երկրում տեղի ունենում:
Դրա համար մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք, ավելի կազմակերպված վեր հանենք մեր բոլոր պրոբլեմները, սոցիալական խնդիրները, հանրությանը հուզող հարցերը և փորձենք այդ հարցերին շատ արագ պատասխան տալ ու լուծում տալ: Ճիշտը դա է, թե չէ մեկը հայտարարում է՝ ինքն նախագահը, մեկն ասում է՝ եկեք այս հրապարակ, մյուսն ասում է՝ այն հրապարակ:
Դա ո՞ւմ որոշումն էր, նրան չհրավիրելը:
Որոշում չի կայացվել:
Ապրիլի 9-ից հետո, ըստ Ձեզ, հանրությունը երկու մասի կբաժանվի՞:
Դուք դրան եք ձգտո՞ւմ: Եվս մեկ անգամ ես պատասխանում եմ՝ ուրեմն ընտրվել է Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ, մնացած բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Հիմա կարող է մեկն էլ Մեղրիում իրեն հռչակի նախագահ, մեկը՝ Շիրակում, լուրջ մարդիկ ենք մենք, եկեք ուրիշ գործերով զբաղվենք: Գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, գոյություն ունեն ընտրությունների արդյունքներ, մենք դրանով են ուղղորդվում:
Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն, ըստ Ձեզ, իրավական հարթությունից դո՞ւրս են:
Բա ի՞նչ են: Իրավապահ մարմիններին դիմեք այդ հարցով:
Ստեղծված իրրավիճակից ինչպիսի՞ ելք եք տեսնում:
Հաշտ, համերաշխ աշխատանքի արդյունքում, բոլորս միասին: Նախագահը կոչ արեց, որ բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը միասին... Օրինակ՝ շատ լավ առաջարկ էր նախագահն արել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարի: Իմ կարծիքով՝ այդ առաջարկը շատ ճիշտ էր, որ պարոն Հովհաննիսյանին տրվեր հնարավորություն, որ ինքը կարողանար իր բարեփոխումները, ինչ խնդիրներ որ տեսնում էր երկրում, բոլորս միասին փորձեինք այդ խնդիրները լուծել:
Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ ընտրություն են կեղծել, ի՞նչ սահմանադրական բարեփոխում:
Ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը, որ որևէ լուրջ օրինակ չբերեցին: Խոսելով հո չի:
Հնարավո՞ր եք համարում, որ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեն:
Ես տեղյակ չեմ, ես առաջարկություն արել եմ մի քանի անգամ, ինձ պե՞տք է՝ մի անգամ էլ անեմ: Երբ որ ինքը հացադուլի մեջ էր, այցելել եմ, և մենք շատ ջերմ զրույց ենք ունեցել: Ես չեմ բացառում որևէ հանդիպում, որևէ քննարկում, ես ուրախ եմ յուրաքանչյուր հանդիպման ու քննարկման: Համոզված եմ, որի այդ քննարկումների արդյունքում կարող են ծնվել ավելի ողջամիտ առաջարկներ: Ես առաջարկեցի ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, քննարկել: Այնպիսի հրացեր են դնում օրակարգ, որ մեզ համար անընդունելի է: Ես չեմ կարող մի հարց քննարկեմ, որը Սահմանադրությանը հակասում է: Օրինակ՝ նախագահական նոր ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչքան էլ մեր գործընկերները փորձում են ինձ մեղադրել, որ ես ասում եմ՝ ողջամիտ առաջարկություն արեք, իրոք, դա ողջամիտ առաջարկություն չի: Եթե քննարկենք նման հարց, կլինի, որ մենք անլուրջ հարց ենք քննարկում:
Ի՞նչ ակնկալիք ունեք Երևանի ավագանու ընտրություններից:
Ավագանու ընտրությունները մենք ամեն ինչ անելու ենք, որ անցնի կոռեկտության սահմաններում:
Եվ հաղթի հանրապետակա՞նը:
Եվ հաղթի հանրապետականը, բա որ գիտեք, հարցն ինչի՞ ենք տալիս: Մենք բոլորին համարում ենք մեր մրցակից և որևէ մեկի հետ չենք մարտնչում: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր ավագանիների թիվը շատ լինի Երևանի քաղաքապետարանում, դա է մեր խնդիրը:
Ընտրակաշառ լինելո՞ւ է:
Շտաբին դիմեք, շտաբը կպատասխանի ձեզ:
Հայաստանի բնակչության 40 տոկոսն ուզում է արտագաղթել, դա ՀՀԿ-ի ձախողումը չէ՞:
Ես չգիտեմ՝ դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ամեն դեպքում, եթե համապատասխանում է, դա վատ թիվ է, վատ ցուցանիշ է, և դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որ վեր հանենք բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են մեր հանրությանը: Մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, և շատ կարճ ժամանակում փորձելու ենք այդ խնդիրներին տալ լուծում:
Ռոզա Հովհաննիսյան