Երևանի բնակիչ Արթուր Աճեմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի երկրորդ մասի հինգերորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

 

 

Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ դիսպետչեր Արթուր Աճեմյանը' ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նշված ԲՈՒՀ-ի ուսանող Կարեն Սարգսյանին ներկայացրել է, որ պայմանավորվածություն ձեռք կբերի, որ քննություն ընդունող դասախոսները Կարեն Սարգսյանի քննությունները դրական գնահատեն և Սարգսյանից ստացել 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Սակայն, մեղադրյալը չի հասցրել հափշտակել գումարը, քանի որ բռնվել է ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով' մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանք կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

 

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն Արթուր Աճեմյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը: