ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն' Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Ս.-ն կատարողական վարույթի շրջանակներում իրենից վերցրել է ընդհանուր 3.650 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր վստահությանը հանձնված հիշյալ գումարը յուրացնելու եղանակով հափշտակել է:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: