Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանաճապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռումինիայի պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի տա րբեր հատվածներում լարված իրավիճակ է՝ մենք լիահույս ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա: Մենք հույս ենք հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ռումինացի պատգամավորը:
Նա նաև ցավակցություն հայտնեց 1915թ. հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռումինիան արդեն հայտնել է իր դիրքորոշումը: «Մեր երկրի ղեկավարն ապրիլին ուղերձ էր հղել այդ ողբերգական իրադարձության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որում ներկայացված էր մեր տեսակետը: Այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ մեր տեսակետը արտահայտել եմ նաև ես՝ այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան»,- ասաց Բորբելին:
ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ հորդորելով ռումիանցի խորհրդարանականներին, որ առաջիկայում ևս հաստատուն լինի նրանց աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Արտակ Զաքարյանը նաև հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռումինիայի նախագահը հատուկ ուղերձ հղեց հայ ժողովրդին, իսկ Ռումինիայի խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկը պատրաստեց հայտարարություն, որով կարևորում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը: