«Փաստինֆո» լրատվական գործակալությունը վերջերս (26.01.20132.) անդրադարձել էր որոշ քրեակատարողական հիմնարկների առանձին կալանավորների կողմից թմրամիջոցների անարգել շրջանառության ու նույնիսկ վերավաճառքի խնդրին: Պարզվում է, հիշյալ հիմնարկներից միայն դա չէ, որ կարողանում են հաջողությամբ իրականացնել: Մի շարք կալանավորներ կարողանում են դյուրակիր համակարգչով կամ հեռախոսով մուտք գործել համացանց, ծանոթություններ հաստատել ինչ-ինչ աղջիկների կամ կանանց հետ, հետո շանտաժով նրանցից պոկել խոշոր գումարներ և արժեքավոր իրեր:

Շորթման մեղադրանքով կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի բնակիչ Սարգիս Գաբրիելյանը: Ավելի վաղ նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Գաբրիելյանը պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկում, 2012թ. ապրիլի 25-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երևանի բնակչուհի Վարդիթերի հետ, նախ ճշտել է վերջինիս բջջային հեռախոսահամարը: Այնուհետև վերջինից բջջային հեռախոս և կանխիկ գումար շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, հեռախոսային խոսակցությունների ժամանակ և բջջային հեռախոսից «sms» հաղորդագրություններ ուղարկելու միջոցով Վարդիթերին սպառնացել է նրա մասին արատավորող տեղեկություներ հրապարակել: Մասնավորապես' ներկայացրել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, ինչպես նաև ազատության մեջ գտնվող իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ և դրանց միջոցով 29.04.2012թ.-10.05.2012թ. ժամանակահատվածում մի քանի անգամ, տարբեր պատրվակներով, Վարդիթերից ստացել է ընդհանուրը 364 000 դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս և կանխիկ գումարներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Գաբրիելյանը 29.04.2012թ. բնակչուհուց պահանջել և ստացել է 35 000 դրամ, 01.05.2012թ. գործով չպարզված անձի միջոցով 45 000 դրամ կանխավճար ուղարկելով, պահանջել և ստացել է 210 000 դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս, որը Վարդիթերը ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորի կենտրոնից, 02.05.12թ պահանջել և ստացել 120 000 դրամ, 03.05.12թ պահանջել և ստացել է 55 000 դրամ, 04.05.12թ. պահանջել և ստացել է 4000 դրամ: Այնուհետև շարունակելով իր հանցավոր միասնական դիտավորությունը 08.05.12թ պահանջել և ստացել է 20.000 դրամ կանխիկ գումար, իսկ 2012թ. մայիսի 10-ին' 20 000 դրամ:

Բացի վերոնշյալից, Սարգիս Գաբրիելյանը 17.05.12թ. համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երևանի մեկ այլ բնակչուհու' Տաթևիկի հետ, ճշտելով վերջինիս բջջային հեռախոսահամարը, նույն կերպ ու նույն դիտավորությամբ, Տաթևիկին Ռազմիկ Բաբայանի միջոցով 23.05.12թ., ապառիկ ձևակերպելու համար որպես կանխավճար մուծելու նպատակով, ուղարկել է 62 200 դրամ գումար և վերոնշյալ սպառնալիքների ներքո պահանջելով ստացել է 301 000 դրամ արժողությամբ «Նոկիա N9» տեսակի բջջային հեռախոս, որը Տաթևիկին ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորի կենտրոնից, վերջինիս պարտք մնալով 240 000 դրամ:

Շարունակելով իր միասնական դիտավորության իրագործումը, Սարգիս Գաբրիելյանը 24.05.12թ. Տաթևիկի հետ հեռախոսային զրույցի ժամանակ պահանջել է ևս 250 000 դրամ կանխիկ գումար և 15 000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորում, սակայն Տաթևիկ Զաքարյանը չկատարելով պահանջը, դիմել է ոստիկանություն: Այսպիսով Սարգիս Գաբրիելյանը Տաթևիկին ներկայացրել է ընդհանուրը 505 000 դրամ արժողությամբ գույքի և կանխիկ գումարի պահանջ' նպատակ ունենալով շորթման եղանակով հափշտակել այն: